Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Համենեին հրապարակել է Թրամփի նամակը

Համենեին հրապարակել է Թրամփի նամակը
12.05.2018 | 10:12

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակների մասին, որ իբր ուղղված են Մերձավոր Արևելքում նրա գործընկերներին: New York Times-ի ու Washington Post-ի աղբյուրները հաստատել են նամակների գոյությունը: Մնում է հանելուկ` ինչպե՞ս է Սպիտակ տան տիրոջ անձնական նամակագրությունը իր դաշնակիցների հետ հայտնվել այաթոլա Համենեի ձեռքին: Նա հաստատում է, որ ունի նամակի ամբողջական տեքստը: Իր թվիթերում Համենեին գրել է. «Մի քանի օր առաջ Թրամփը նամակ է գրել Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, որ փոխանցվել է մեզ: Նա գրում է. «Ես 7 տրիլիոն դոլար եմ ծախսել և դուք ինձ պիտի փոխհատուցեք»: ԱՄՆ-ը ցանկանում է տիրել ստորացված ստրուկներին»:

New York Times-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփը իրոք մերձավորարևելցի գործընկերներին երկու նամակ է ուղարկել, որտեղ հայտարարել է, որ տարածաշրջանին օգնելու համար չափազանց շատ փող է ծախսել և դաշնակիցներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իրանի ազդեցության դեմ: Washington Post -ը, հղում անելով Սպիտակ տանը իր աղբյուրին, պատմել է մի նամակի մասին, որ Թրամփն ուղարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, որի բովանդակությունը բնավ չի հակասում Սպիտակ տան տիրոջ հրապարակային մեկնաբանություններին: Թերթի տեղեկություններով` նամակն ուղարկվել է 2 շաբաթ առաջ, Թրամփն ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է անում առավել ակտիվ գործել Սիրիայում, խնդրում է քննարկել Կատարի ու Սաուդյան Արաբիայի երկարաձգված կոնֆլիկտի արագ լուծման տարբերակներ:


ԱՄՆ ԶԼՄ-ները գրում են, որ երկու նամակներում էլ Թրամփը փորձում է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա և գրում է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ակտիվություն է սպասում տարածաշրջանում, որտեղ մինչև 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ԱՄՆ-ը վիթխարի ներդրումներ է արել: Թրամփը առաջ էլ հրապարակավ հայտարարում էր, որ գործընկերները պետք է ավելի ակտիվ աշխատեն տարածաշրջանում և հույս չդնեն ԱՄՆ-ի աջակցության վրա, ինչպես եղել է առաջ: Համենեին իր թվիթը գրել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ օր հետո: ԱՄՆ-ի մերձավոր գործընկերները Պարսից ծոցում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Իսրայելն են: Երեք երկրներն էլ Իրանի միջուկային համաձայնագրի կատաղի քննադատներ են: Համենեին Թրամփի նամակի մասին ևս մեկ անգամ հիշատակել է Թեհրանի Ֆարհենգիան համալսարանում ելույթ ունենալով` առավել մանրամասն վերապատմելով ԱՄՆ նախագահի անձնական նամակագրության բովանդակությունը: Նրա խոսքով` Թրամփը գրում է. «Ես ձեզ վրա ծախսել եմ 7 տրիլիոն, դուք պետք է անեք իմ ասածը: Դուք ծախսել եք այդ փողերը Իրաքի ու Սիրիայի մի սար վերցնելու վրա ու չեք վերցրել»: 7 տրիլիոնը Թրամփը առաջ էլ հիշատակել է, օրինակ` փետրվարին նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը «երկու ամիս առաջվա վիճակով արդեն 7 տրիլիոն դոլար է ծախսել Մերձավոր Արևելքում»: «Ինչ սխալ: Բայց կա` ինչ կա»` հավելել է նա:


Washington Post-ը գրում է, որ Թրամփի հիշատակած թիվը կոռեկտ չէ` վերցված է Բրաունի համալսարանի զեկույցից, որ հաշվարկել է ընդհանուր գումարը` հաշվի առնելով ոչ միայն Իրաքում ու Սիրիայում պատերազմների գինը, այլև Աֆղանստանում` ներառյալ 40 տարվա բոլոր պատերազմների վետերաններին հատկացվող գումարները: Նամակների գոյության փաստը Սպիտակ տունը չի հաստատում: Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը միայն ասաց, որ չի կարող մեկնաբանել նախագահի նամակագրությունը, նախագահի վարչակազմը չի հերքել տվյալները: Սաուդյան Արաբիան, Washington Post-ի տվյալներով, նամակին պատասխանել է` նրբորեն հակադարձելով ԱՄՆ նախագահին: Էր Ռիադի դեսպանատունը Վաշինգտոնում այդ տեղեկությունը չմեկնաբանեց:


Պարսից ծոցի երկրների կենտրոնի ավագ խորհրդական Թեոդոր Կարասիկի կարծիքով` նամակը շատ կարևոր դեր է խաղում, քանի որ տեքստը Իրանի ղեկավարությանն ասում է, թե կոնկրետ ինչ պետք է ԱՄՆ-ից սպասել: Նրա կարծիքով` նամակը Թեհրանին կարող էին փոխանցել Քուվեյթի, Կատարի, Օմանի կամ Հորդանանի, գուցե նաև Ռուսաստանի ներկայացուցիչները: Թրամփը բազմիցս քննադատել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ իբր չափազանց շատ են հենվում ԱՄՆ-ի աջակցության վրա: Վերջին անգամ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Վաշինգտոն այցի ժամանակ: Թրամփը չի ճշտել, թե որ երկրները նկատի ունի: Համենեին Թրամփի խոսքերն անվանել է «ստորացում մուսուլմանների համար»` հայտարարելով, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ «մուսուլմանները պետք է կոշտ հակազդեն ԱՄՆ-ին ու մյուս դեսպոտիկ կառավարություններին»:


ВВС
Հ.Գ. Իրանի հոգևոր առաջնորդը իրականում պատասխանում է ոչ թե Թրամփի քայլերին, այլ` Բենիամին Նեթանյահուի, որ շնորհանդես էր կազմակերպել Իրանի միջուկային
ուսումնասիրությունների մասին` հենվելով Մոսադի տվյալների վրա: Ակն ընդ ական:
Վերլուծաբանների կարծիքով` Թրամփի բուն նպատակը Իրանում իշխանափոխությունն է: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը վաղուց էր հայտարարում, որ Իրանի թեոկրատիկ վարչակարգը պետք է գահընկեց արվի: Արդեն Սպիտակ տանը նա խնդիր է դրել, որ Թեհրանը դադարեցնի իր «անընդունելի գործողությունները»` աջակցությունը Սիրիային ու Եմենին, բալիստիկ հրթիռների փորձարկումը և «միջազգային ահաբեկչության բանկիր լինելը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ